Jump to content

Շրջահյուս հունական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շրջահյուս հունական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բոգածաղկավորներ
Ընտանիք Թունաթափազգիներ
Ցեղ Շրջահյուս
Տեսակ Շրջահյուս հունական
Լատիներեն անվանում
Periploca graeca


Շրջահյուս հունական (լատին․՝ Periploca graeca), թունաթափազգիներ ընտանիքի, շրջահյուս ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիանա է մինչև 12 մ բարձրությամբ։ Ընձյուղները շատ բարակ են, ծածկված նուրբ, փոշենման աղվամազով, սկզբում ձիթականաչավուն, ավելի ուշ՝ դեղնաշագանակագույն գունավորմամբ։ ճյուղերը, որոնց երկարությունը հասնում է մինչև 1 2 մ-ի, դարչնագորշավուն են, ծածկված ելունդանման ոսպնյակներով։ Տերևները էլիպսաձև են կամ ձվաձև, 6-10 սմ երկարությամբ և 1,5-6,5 սմ լայնությամբ, ընդ որում վերին տերևները ավելի մանր են և նեղ, սրագագաթ, սեղմված կամ կլորավուն հիմքով, կոշտ, մերկ, պարզ արտահայտված կենտրոնական ջղով, վերևի կողմից՝ մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի։ Տերևակոթունն ունի 0,5-1,2 մմ երկարություն։ Ծաղկաբույլերը ծոցային, սակավածաղիկ, հովանոցանման կամ մերկ հուրաններ են, մինչև 20 սմ երկարությամբ ծաղկակիրներով։ Ծաղիկներն ունեն 1,5-3 սմ տրամագիծ, արտաքինից կանաչավուն են, ներսի կողմից՝ պղտոր մանուշակադարչնագույն, ծանր, անդուր հոտով։ Բաժակի հատվածները լայն-ձվաձև են, թաղանթաեզր։ Պսակաթերթիկները հետ են ոլորված, երկարավուն են, բութ, մոտ 1 սմ երկարությամբ, մազմզուկապատ, գագաթին՝ փոսիկով։ Տերևապտուղները զույգ են (հազվադեպ մեկական) գծանման, գագաթում աստիճանաբար սրվող, մոտ 6 սմ երկարությամբ։ Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են մայիս-հուլիսին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում, Իրանում, Չինաստանում, Միջերկրական ծովի ափերում։ Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսային և կենտրոնական շրջաններում, հատկապես Դեբեդ, Աղստև և Արաքս գետերի հովիտներում։ Չափազանց դեկորատիվ, բայց աճման պայմանների նկատմամբ պահանջկոտ բույս է։ Ջերմասեր է, սակայն դիմանում է մինչև -25-28 °C-ի սառնամանիքներին, խոնավասեր է, լավ է աճում սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային, թեթև-ավազային հողերում, լուսասեր է։ Թունավոր է։ Բազմանում է սերմերով և կտրոններով։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեղևը օգտագործվում է բժշկության մեջ, սրտի հիվանդությունների բուժման նպատակով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (228)։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրջահյուս հունական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրջահյուս հունական» հոդվածին։